Անցած շաբաթվա ֆուտբոլային Եվրոպայի ամենախոշոր իրադարձությունը, անշուշտ, Խոսեպ Գվարդիոլայի` «Բավարիայի» մարզիչ նշանակվելն էր: Մենք դրան անդրադարձել ենք, ընդ որում` բավականին հանգամանալից: Թվում էր` այս մասշտաբի իրադարձությունը միանգամայն բավական էր գոնե առժամանակ առանց լրացուցիչ սուր զգացողությունների ապրելու համար: Բայց ո՜չ: Գործեց ֆիզիկայից հայտնի օրենքը, որը մենք, հայցելով Նյուտոնի ներողամտությունը, պիտի բանաձևենք այսպես` ցնցումները բերում են հետցնցումներ:
«ԲԱՐՍԵԼՈՆՅԱՆ» ՏԱԳՆԱՊՆԵՐ
Պայմանավորվենք` չենք վարվում բանը մի կարգին չլսած, աղ առնող-վազողի պես ու շուտափույթ եզրակացություններ չենք անում «Բարսելոնի» հետ մյուս տարի լրացող պայմանագիրը չերկարաձգելու ո՛չ Վալդեսի անսպասելի հայտարարության, ո՛չ էլ այն շշուկների հաշվով, թե կատալոնյան ակումբի գրեթե կեսը նախկին մարզչի հետ տեղափոխվելու է Մյունխեն: Ժամանակը կգա, կապրենք, կտեսնենք: Ի վերջո, մենք մնում ենք այն կայուն համոզմունքին, որ եթե ինչ-որ բան լինելու է, կլինի, ինչն էլ որ չի լինելու, չի կարող լինել:
Այսքանով փակենք ցնցումներին առնչվող առաջին մասը, դառնանք երկրորդին:
«Ռեալ Սոսիեդադը» հարազատ Սան Սեբաստիանում վերցրեց ու, ոչ ավել-ոչ պակաս, հաղթեց «Բարսելոնին»: Հաղթեց` վերջ դնելով ընթացիկ մրցաշրջանում նրա անպարտելիության գոնե մինչ այսօրվա միֆին: ՈՒ բնավ էլ կապ չունի, որ հաղթեց մրցավարի ավելացրած ժամանակամիջոցում: Սա, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, գործոն չէ, թեպետ նույն հավասարարժեքությամբ գործոն չես կարող չհամարել այն, որ վերջին երկու գոլը տանտերերը խփել են թվային գերազանցության պայմաններում, որքան էլ որ «Բարսելոնի» դաշտ դուրս բերած տասնմեկն արդեն իսկ թվային գերազանցություն է մյուսների տասնմեկի համեմատ:
Ինչևէ:
Սակայն սա էլ չէ խնդիրը, ինչպես որ տասներորդ անընդմեջ խաղում գոլ խփելով Մեսիի ևս մեկ ռեկորդի հեղինակ դառնալը (լավագույն ցուցանիշը մինչ այդ պատկանում էր «Խոշորատամ» մականունը կրող բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոյին` ինը խաղ)` առավել ևս մի թիմի հետ խաղում, որի դարպասը գրավելու պատիվը, որքան էլ տարօրինակ է, համաշխարհային ֆուտբոլի լեգենդը չէր ունեցել:
Ինչ խոսք, այս պարտությամբ մրցաշարային աղյուսակում կատալոնյան ակումբի համար ոչինչ չփոխվեց. այնքան ակնհայտ առավելությամբ է այն առաջ պոկվել մրցակիցներից, որ մի երեք նման պարտություն էլ իրեն կարող է թույլ տալ երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյի» պարագայում:
Սակայն, կարծում եմ, դարձյալ գլխի ընկաք, որ սա էլ չէ խնդիրը:
Շան գլուխն ուրիշ տեղ է թաղված:
Սրանից մի խաղ առաջ «Բարսելոնը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մալագայի» հետ: Այն էլ այն դեպքում, երբ խաղը շահում էր 2:0 հաշվով:
«Ռեալ Սոսեդադի» հետ խաղում էլ էր «Բարսելոնը» խաղը շահում նույն 2:0 հաշվով։
Ի՞նչ է ստացվում` ընթացքում երկու գնդակի առավելությամբ խաղը շահելը հակացուցվա՞ծ է «Բարսելոնին», թե՞ ընդհանուր հաղթանակի համար պետք է, որ Մեսին մի գոլից ավելի խփի: Չգիտեմ: Անկեղծ եմ ասում` չգիտեմ: Եթե կա ձեր մեջ մեկը, ով ինչ-որ բան ստույգ գիտի, կարող է քիչ, թե շատ հոդաբաշխ բացատրություն տալ եղածին, խնդրում եմ ականջի հետև չգցել` զանգեք, փորձենք խելք խելքի տալ, փորձենք հասկանալ` սա պարզապես գլուխկոտրո՞ւկ է, թե՞ բնավորություն դառնալու հավակնություններ ունեցող իրադարձությունների պարզ զուգադիպություն:
ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՒՅՆՆ Է
Թեև Մադրիդի «Աթլետիկո»-«Լևանտե» և «Վալենսիա»-Մադրիդի «Ռեալ» դիմակայությունները նույնպես իսպանական առաջնության շարքից են, սակայն թող ներվի այն «Բարսելոնից» անջատ դիտարկելը, որովհետև եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից ստորև հիշատակվելիք հանդիպումները գերազանցապես վիճակագրական տիրույթում ենք ներկայացնելու, իսկ իսպանական առաջնությունում երկրորդ և երրորդ տեղերում ընթացող ակումբների համար բացառություն անելն անիմաստ կլինի:
Եվ այսպես` «Աթլետիկոն» իր սպասած երեք միավորին վստահաբար տեր կանգնեց` խաղը շահելով 2:0 հաշվով: Այս հանդիպումում միակ առանձնանալին Ռադամել Ֆալկաոյի վնասվածք ստանալն էր, ինչը բավական տհաճ միջադեպ է, քանզի մարզիկն առժամանակ կարող է խաղից դուրս մնալ, իսկ սա բոլոր դեպքերում, չվախենանք այսպես ասելուց, կորուստ է համաշխարհային ֆուտբոլի համար: Ինչ վերաբերում է մայրաքաղաքային մյուս թիմին, «Ռեալն» ավելի քան վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` արդեն իսկ առաջին խաղակեսում հասնելով հինգ գնդակի գերազանցության:
Բունդեսլիգայի առաջնությունում Մարիո Մանջուկիչի դուբլը «Բավարիայի» համար ավելի քան բավարար եղավ «Գրոյտեր Ֆյուրտոմի» նկատմամբ առավելության հասնելու և 45 միավորով առաջատարի դիրքերը վստահորեն պահպանելու համար: Իրենց երկրորդ ու երրորդ հորիզոնականները պահպանեցին «Բայերն» ու Դորտմունդի «Բորուսիան», որոնք համապատասխանաբար հաղթահարեցին «Այնտրախտի» ու «Վերդերի» արգելքը: Առաջինը հաղթել է 3:1, երկրորդը` 5։0 հաշվով:
Շաբաթ օրը սեփական հարկի տակ 2:0 հաշվով գերազանցելով «Ֆուլհեմին»` «Մանչեստր Սիթին» համաքաղաքային «Յունայթեդից» ունեցած տարբերությունը հասցրեց չորսի: Սակայն «Տոտենհեմ»-«Մանչեստր Յունայթեդ» խաղում հաղթելու դեպքում Ֆերգյուսոնի թիմը կարող էր պահպանել նախնական յոթ միավորի առավելությունը: Հանդիպումը բացառիկ լարված ընթացք ունեցավ: «Յունայթեդը» չափազանց մոտ էր հաղթանակին, եթե խաղավարտից վայրկյաններ առաջ դաշտի տերերը չգրավեին նրա դարպասը: Ոչ պակաս լարված պայքարում հյուրընկալելիս «Արսենալի» նկատմամբ հաղթանակ տարավ «Չելսին» (2:1)` շարունակելով ձեռքում պահել առաջնության երրորդ հորիզոնականը:
Տան պայմաններում 3:2 հաշվով առավելության հասնելով «Մոնպելիեի» նկատմամբ` «Մարսելն» ընդհուպ մոտեցավ «Լիոնին», որը նախօրեին սեփական դաշտում չկարողացավ կոտրել ֆրանսիական առաջնության հետնապահներից «Էվիանի» դիմադրությունը: Այժմ «Մարսելն» առաջատարից հետ է մնում ընդամենը մեկ միավորով: Սակայն կիրակնօրյա «Բորդո»-ՊՍԺ հանդիպումից հետո նա հետ է մնում և վերջինիցս, քանզի Անչելոտիի թիմը ձեռքից բաց չթողեց առաջատարի հետ երկիշխանություն հաստատելու իր հնարավորությունը:
21-րդ տուրում հերթական հաղթանակը տոնեց «Յուվենտուսը»` Իտալիայի առաջնության միանձնյա առաջատարը` չորս անպատասխան գնդակ ուղարկելով «ՈՒդինեզեի» դարպասը: Արտագնա խաղում 2:2 խաղալով «Պալերմոյի» հետ` «Լացիոն» 43 միավորով տեղափոխվեց երկրորդ հորիզոնական: Նկատենք, որ վերջինս պարտությունից փրկվել է շնորհիվ խաղավարտից քիչ առաջ «Պալերմոյի» դարպասին նշանակված տասնմեկմետրանոցի: Նույնքան միավոր է և «Նապոլիի» ակտիվում: Հյուրընկալվելով «Ֆիորենտինային»` այն կիսել է միավորը (1:1), սակայն առավել բարվոք գործակիցների արդյունքում երկրորդ հորիզոնականում է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ